ՀՀ քաղաքաշինության կոմիտե-ում տեղի է ունեցել հանդիպում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հետաքրքրող հարցերն ու դիտարկելու համագործակցության նոր ուղղությունները: Օրակարգում եղել են կառուցապատման ընթացակարգերի, էլեկտրական ենթակայանների ռիսկայնության դասակարգման, ինչպես նաև կոմիտեի նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներում ասոցիացիայի նոր առաջարկներն ընդգրկելու հարցեր:
Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է կոմիտեի և ասոցիացիայի միջև ձևավորված գործընկերությունը՝ միաժամանակ շեշտելով համագործակցության առավել ակտիվացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նա ասոցիացիայի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի առաջիկա նիստին:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի ղեկավարին հանդիպման հնարավորության համար՝ ընդգծելով, որ կոմիտեն մշտապես ականջալուր է լինում ասոցիացիայի բարձրաձայնած խնդիրներին: Քննարկվել է նաև կառուցապատողների առաջարկը՝ հրդեհային անվտանգության նորմերի արդիականացման և քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:
Կապ մեզ հետ